ԼՂ փախստականների իրավապաշտպան միության նախագահը ՄԱԿ-ում կոչ է արել միջազգային կառույցներին միջոցներ ձեռնարկել և ապահովել, որ անցյալի սարսափները չկրկնվեն

Նյու Յորքում հունիսի 26-27 տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանը, որին մասնկացել է նաև Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։


Ա․ Գրիգորյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ներառյալ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, դրան հաջորդած ռազմական արշավները և հայերի ամբողջական էթնիկ զտումները, առաջացած մարդասիրական սարսափելի ճգնաժամին։


Ա․ Գրիգորյանը ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակման ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի ու դրույթների խախտման արդյունքում արցախահայերի, մասնավորապես՝ կանանց, հղի կանանց և երեխաների սոսկալի վիճակի մասին։


Վերջինս անդրադարձել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկած լայնածավալ ռազմական ագրեսիային, որը վախի, ճնշումների և սպառնալիքների միջոցով հանգեցրեց հայ բնակչության էթնիկ զտմանը, ինչի հետևանքով ավելի քան 150,000 հայեր ստիպված լքեցին իրենց պապենական տները։


Ա․ Գրիգորյանը անդրադարձել է նաև հայկական մշակութային և կրոնական վայրերի կանխամտածված ոչնչացումն ու պղծումն Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, որը նպատակ ունի ջնջել հայկական ներկայությունը և պատմական կապերը տարածաշրջանում։


Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահը շեշտել է, որ դա միջազգային հանրության, միջազգային կառույցների հավաքական պատասխանատվությունն է միջոցներ ձեռնարկել և ապահովել, որ անցյալի սարսափները չկրկնվեն և վերականգնվեն նրանց իրավունքները, ովքեր տուժել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում։